Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն հինգշաբթի հերքել է, որ իր երկիրը ներգրավված է Վենեսուելայի դեմ որևէ «թշնամական գործողության» մեջ և հայտարարել է, որ ամերիկյան զորքերի՝ Պանամայում վարժեցումը Միացյալ Նահանգների հետ երկկողմ համագործակցության համաձայնագրերի մաս է, հաղորդում է EFE-ն։

«Ինչ վերաբերում է Վենեսուելային, մենք դրա հետ որևէ կապ չունենք, և Պանաման իր տարածքը չի տրամադրում Վենեսուելայի կամ աշխարհի որևէ այլ երկրի դեմ թշնամական գործողությունների համար»,- ասել է Մուլինոն իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ջունգլիներում վարժանքների համար Պանամայում ամերիկյան զորքերի ներկայությունը կապված է Կարիբյան ավազանում ամերիկյան զորքերի տեղակայման հետ, ինչը ենթադրություններ է առաջացրել Վենեսուելայում որոշակի միջամտության մասին:

«Սրանք երկու տարբեր հարցեր են…, որոնք մեկը մյուսի հետ կապ չունեն»,- հայտարարել է Մուլինոն՝ բացատրելով, որ Պանամայում զորավարժությունները, որոնք համաձայնեցված է անցկացնել ամերիկյան ռազմական ստորաբաժանումների հետ, համապատասխանում են Անվտանգության նախարարության հաստատած արձանագրությանը, ոչ միայն Դարիենում…, որը համապատասխան, շատ համապատասխան վայր է այս տեսակի զորավարժությունների համար»։

Մուլինոն նաև նշել է, որ Պանաման պարբերաբար հյուրընկալում է բազմազգ ռազմական զորավարժություններ, ինչպիսին է Panamax-ը, որոնց մասնակցում են անվտանգության ուժեր «ամբողջ աշխարհից»։