Civilnet TV–ն գրում է. «2025 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության հռչակման 34-րդ տարեդարձի օրը, Հանրային հեռուստաընկերությունը և «Արմենպրես» պետական գործակալությունը որևէ կերպ չեն լուսաբանել արցախյան թեմայով այդ օրը տեղի ունեցած իրադարձություններն ու հնչած հայտարարությունները։

Նրանց եթերից և լրահոսից դուրս են մնացել «Եռաբլուր» պանթեոնում Արցախյան պատերազմների զոհերին նվիրված «Արցախի կանչը» հուշահամալիրի բացումը, «Արցախը՝ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով համաժողովը, նույն օրը երեկոյան Ազատության հրապարակում կայացած արցախցիների «Միասնության» հանրահավաքը։

Չեն լուսաբանվել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ուղերձն ու Արցախի Ազգային ժողովի հայտարարությունը՝ ուղղված արցախահայության իրավունքների պաշտպանությանը։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է սեպտեմբերի 2-ի իրադարձությունների լուսաբանումը, օրենսդրական դաշտը և պարզաբանումներ ստացել պատկան մարմիններից։

Սեպտեմբերի 2-ին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» հաղորդման՝ օրվա ընթացքում հեռարձակված վեց թողարկումներից (1,2,3,4,5,6) և 1lurer.am կայքի լրահոսից ամբողջությամբ դուրս էին մնացել Արցախի Հանրապետության հռչակման և դրա հետ կապված օրվա իրադարձությունները։

Փոխարենը լուսաբանվել էին, օրինակ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ Պեկին ուղևորությունը, Հայաստանում շինարարության աճը, Սասունիկի միջնակարգ դպրոցի և Արմավիրի նոր զբոսայգու շահագործման հանձնվելը, Եղվարդի խնձորի այգիները, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դատավարությունը և այլ թեմաներ։

Արցախի և արցախցիների հետ կապված իրադարձությունները բացակայում էին նաև «Արմենպրեսի» օրվա լրահոսից։ Այնինչ նախորդ տարիներին գործակալությունը, ինչպես և «Լուրերը», լայնորեն լուսաբանում էր օրվա խորհուրդը՝ լուրերի, ֆոտոռեպորտաժների և հոդվածների տեսքով։

Օրինակ՝ 2023-ի սեպտեմբերի 2-ին Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» շրջանակում հատուկ ռեպորտաժ էր պատրաստվել Արցախի Հանրապետության հռչակման իրադարձությունների վերաբերյալ և ներկայացվել ՀՀ վարչապետի, Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի, ինչպես նաև Արցախի ԱԺ նախագահի օրվա ուղերձները։

Այս տարվա սեպտեմբերի 2-ին, ի տարբերություն 2018-2023 թվականների, ՀՀ վարչապետը, Հանրապետության նախագահը և ԱԺ նախագահը որևէ ուղերձ չհղեցին։

Ի տարբերություն Հանրային հեռուստաընկերության և «Արմենպրես» գործակալության՝ Հանրային ռադիոն այս տարի էլ թեմային անդրադարձել է։ Լուսաբանվել է «Արցախի կանչը» հուշակոթողի բացումը։ Բացի այդ, հեռարձակվել է «Արցախի կորստի ու հիշողության նոր խորհրդանիշ է Եռաբլուրում» վերտառությամբ ռեպորտաժը, որում ռադիոն անդրադարձել է արցախյան պատերազմի և 2023-ի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի զոհերի հարազատների պատմություններին։

#CivilNetCheck-ը սեպտեմբերի 3-ին պաշտոնական հարցումներ էր ուղարկել Հանրային հեռուստաընկերությանը, «Արմենպրեսին» և պատասխանատու կառույցներին։

Հանրային հեռուստաընկերությունից ստացված պատասխանում նշվում է, որ նշված իրադարձությունների «պարտադիր լուսաբանման իրավական պահանջ չկա», իսկ լուսաբանումն իրականացվում է՝ ելնելով ռեսուրսների առկայությունից և առաջնահերթությունների գնահատումից։

Հեռուստաընկերությունը նաև հավելել է, որ հանրային հնչեղություն ունեցող իրադարձություններին կարող են անդրադառնալ նաև՝ «այլ հաղորդաշարերում՝ փաստավավերագրական ֆիլմերի և տարբեր ձևաչափերի միջոցով»։

Էկրանապատկերում՝ Հանրային հեռուստաընկերության տնօրենի պատասխանը

Սակայն սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբեր 11-ը Հանրային հեռուստաընկերության հարթակներում մեզ չհաջողվեց գտնել Արցախի հռչակման կամ հարակից թեմայով որևէ հոդված, փաստավավերագրական ֆիլմ կամ այլ ձևաչափի հաղորդում։

Միակ թեմատիկ քննարկումը, որ հնարավոր եղավ գտնել, սեպտեմբերի 6-ի «Հանրային քննարկում» հաղորդումն էր՝ «Ղարաբաղի վերադարձ և Ղարաբաղ վերադարձ. ինչպե՞ս» վերտառությամբ, որի շրջանակում մասնակիցները խոսել են սեպտեմբերի 2-ի հանրահավաքին մասին, սակայն, այն որակելով ձախողված և Ադրբեջանի շահերին ծառայող։

«Արմենպրես» լրատվական գործակալությունը, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված 5-օրյա ժամկետը, բովանդակային պատասխան չի տրամադրել։ Գործակալության տնօրեն Նաիրա Նազարյանը հայտնել է, որ մեկնում է գործուղման և կպատասխանի վերադառնալուն պես՝ առանց որևէ ժամկետ նշելու։ Նա շնորհակալություն է հայտնել «իրենց գործունեության նկատմամբ հետաքրքրության համար»։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ), որը ոլորտը կարգավորող անկախ պետական մարմինն է, իր պատասխանում, ըստ էության, իրավիճակին գնահատական չի տվել՝ պատասխանատվությունը վերահասցեագրելով Հանրային հեռարձակողի խորհրդին։

ՀՌՀ-ից հայտնել են, որ մշտադիտարկումն իրականացնում են ընտրանքային սկզբունքով (յուրաքանչյուր Հեռարձակողի համար ամսվա ընթացքում առնվազն հինգ օր), և «2025 թվականի սեպտեմբերի 02-ի եթերը չի մշտադիտարկվել»։ Հանձնաժողովը նաև ընդգծել է, որ օրենքով իրեն վերապահված չէ հեռարձակողների ծրագրային քաղաքականությանը միջամտելու գործառույթ, և որ այդ հսկողությունը պետք է իրականացնի Հանրային հեռարձակողի խորհուրդը։

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանից հետաքրքրվել էինք՝ արդյոք խորհրդում քննարկվե՞լ է հանրային կարևորություն ունեցող այս թեմայի չլուսաբանման հարցը և պարզաբանումներ պահանջվե՞լ է Հանրային հեռուստաընկերությունից։ Ի պատասխան՝ Դարբինյանը հայտնել է, որ թեմայի շուրջ ո՛չ քննարկում է տեղի ունեցել, ո՛չ էլ ՀԸ-ից պարզաբանում է պահանջվել՝ առանց որևէ այլ մանրամասներ հայտնելու։

Քանի որ խորհուրդը Հանրայինի կառավարման բարձրագույն մարմինն է, հարցրել էինք նաև, թե ինչ քայլեր են նախատեսվում՝ ապագայում բացառելու համար ՀԸ կողմից նման իրադարձությունների անտեսումը և ապահովելու օրենքի սկզբունքների պահպանումը։ Սակայն Դարբինյանը ուշագրավ պատասխան է տվել՝ նշելով, թե այս հարցը մեր գնահատականներն է արտացոլում և չկա տեղեկություն ստանալու ակնկալիք։

«Փոխարենն աչք են շոյում հանրային կարևորագույն իրադարձությունների նկատմամբ Ձեր պատկառանքը և օրենսդրության հանդեպ ընդգծված ակնածանքը»,- ըստ էության հեգնանքով պատասխանել է Դարբինյանը։

Այսպիսով, 2025-ի սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության հռչակման օրը, հանրային միջոցներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունն ու պետական «Արմենպրես» գործակալությունը չեն լուսաբանել արցախյան թեմայով հանրային նշանակության մի շարք իրադարձություններ։ Իսկ վերահսկող մարմինները, ի պատասխան լրագրողական հարցումների, հիմնականում բովանդակային պատասխաններ չեն տրամադրել։