ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը կիրակի օրը հայտարարել է․ «ոչինչ չենք բացառում», երբ նրան հարցրել են՝ արդյոք նախատեսվում է ներգաղթի ծառայությունների գործունեության ընդլայնում երկրի տարբեր քաղաքներում։

«Կարծում եմ՝ այս պահին շատ քաղաքներ բախվում են հանցագործության և բռնության։ Այդ պատճառով ոչինչ չենք բացառում։ Մենք ապահովել ենք, որ ունենանք անհրաժեշտ ռեսուրսներ և սարքավորումներ՝ մասնակցելու համար», — ասել է Նոեմը CBS News-ին տված հարցազրույցում։

Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ ներգաղթի և մաքսային ծառայությունները նախատեսում են առաջիկա օրերին ընդլայնել իրենց գործունեությունը Չիկագոյում՝ կրկնելով Լոս Անջելեսում այս տարվա սկզբին իրականացված ներգաղթյալների ձերբակալման գործողությունը։

Կիրակի օրը Նոեմը նշել է, որ Ներգաղթի և մաքսային ծառայությունը (ICE) մշտական գործողություններ է իրականացնում Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում և այլ նահանգներում՝ համոզվելու համար, որ «հետևում ենք մեր օրենքներին»։

Ըստ նրա,  գերատեսչությունը մտադիր է ավելացնել ռեսուրսները այս գործողությունների համար։

«Ես խորհուրդ կտայի յուրաքանչյուր մեծ քաղաքի՝ լինի դա Սան Ֆրանցիսկոն, Բոստոնը, Չիկագոն կամ որևէ այլ քաղաք, օգնել դարձնել իրենց քաղաքն ավելի անվտանգ և բարեկեցիկ, հնարավորություն տալ մարդկանց ազատ զբոսնելու, ինչպես հիմա՝ Վաշինգտոնում, Կոլումբիայի օկրուգում, վայելելու երեկոյան ռեստորաններ այցելելը՝ առանց անհանգստանալու, որ կարող են դառնալ ավտոմեքենայի գողության կամ կողոպուտի զոհ։ Նրանք պետք է զանգահարեն մեզ», — ասել է նա։

Երբ նրան հարցրել են՝ արդյոք նման գործողություններ նախատեսվում են նաև հանրապետականների վերահսկողության տակ գտնվող «կարմիր» նահանգների քաղաքներում, Նոեմը պատասխանել է. «Անպայման»։

«Յուրաքանչյուր քաղաք գնահատվում է՝ ելնելով այն հարցից, թե ինչ պետք է անենք, որպեսզի այն դարձնենք ավելի անվտանգ», — նշել է Նոեմը։ «Մենք բացարձակապես չենք դիտարկում մեր գործողությունները քաղաքական տեսանկյունից»։