Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի ընդդիմադիր քաղաքապետը՝ Հանրապետական ժողովրդական կուսակցությունից, X սոցիալական ցանցում մեկնաբանել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը՝ հայտարարելով, որ «թուրքական ազգը երբեք չի ընդունի զրպարտությունը»։
«Նեթանյահուն, որը պատմության մեջ մտավ որպես մարդկայնության դեմ հանցագործությունների մեղսագործ՝ պաղեստինցի ժողովրդի նկատմամբ տարիներ շարունակ կիրառած օկուպացիայի, կոտորածների և ճնշումների պատճառով, թիրախավորեց մեր երկիրը՝ խեղաթյուրելով 1915 թվականի իրադարձությունները, ինչը երեսպաշտության, կոռուպցիայի և անամոթության ամենաակնհայտ ցուցիչն է։
Մարդը, որը Գազայում ռումբերով սպանում է հազարավոր անմեղ երեխաների, կանանց և խաղաղ բնակիչների, որը սովն ու ծարավն օգտագործում է որպես զենք, որը հիվանդանոցներն ու դպրոցները վերածում է ավերակների, իրավունք չունի մարդկության անունից մեկ բառ անգամ արտաբերել։ Թուրք ժողովուրդը երբեք չի ընդունի իր պատմության դեմ ուղղված զրպարտությունը։ Ես խստորեն դատապարտում եմ Նեթանյահուի հայտարարությունները և ևս մեկ անգամ ընդգծում, որ նա չի կարող լվանալ անմեղ մարդկանց արյունը՝ իր ձեռքերը ստերով թաթախելով»,- գրել է Յավաշը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախօրեին՝ օգոստոսի 27-ին, առաջին անգամ հայտարարեց, որ ճանաչում է Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին հայերի, ասորիների և հույների դեմ իրականացված ցեղասպանությունը։
Հարցին, թե ինչու Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանեց. «Կարծում եմ՝ ճանաչել են։ Ըստ իս՝ Քնեսեթը բանաձև է ընդունել այդ մասին»։
Հարցին, թե ինչու ոչ մի Իսրայելի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել էր. «Ես հենց նոր ճանաչեցի»։

