Գերմանիայի կառավարությունը հաստատել է զորակոչի կանոնների փոփոխությունները, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։
Ըստ նոր ծրագրերի՝ մինչև 2030-ականների սկիզբը Բունդեսվերում կծառայեն 260 հազար ակտիվ զինվորներ և 200 հազար պահեստազորայիններ։
Չի բացառվում նաև անցումը պարտադիր զինվորական ծառայության։
Ինչպես նշում է BBC News-ը, Գերմանիայում պարտադիր զինվորական ծառայությունը վերացվել է 2011 թվականին՝ այն ժամանակվա կանցլեր Անգելա Մերկելի օրոք։
Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Գերմանիայի զինված ուժերի ամրապնդումը դարձրել է առաջնահերթություն՝ «հաշվի առնելով Ռուսաստանից եկող սպառնալիքը» և հայտարարել, որ «այժմ վերադառնում ենք զինվորական ծառայության մեջ գտնվող բանակ ստեղծելու ուղուն»։

