Այդ ծավալի բիզնես զրոյից կառուցելը նշանակում է, որ մարդը այդ շնորհքը ունի՝ կառավարման հոտառություն, ճիշտ մարդկանց հետ հարաբերություններ ստեղծելը։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 1–ին, «5–րդ ալիքին» տված հարցազրույցում նշեց Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանին և քաղաքականության մեջ նրա մուտքին։

«Քաղաքական գործունեության փորձ նա չունի, բայց շատ մեծ համակարգեր կառավարելու փորձ ունի։ Հիմա ես ենթադրում եմ, որ կստեղծեն քաղաքական թիմ, կլրացնեն այն մարդկանցով, որոնք այս տեսանկյունից որոշակի փորձ ունեն և միգուցե ոնց որ իրենք են հայտարարում, որոշակի տեխնոկրատների թիմ կձևավորեն, ինչը նորություն կլինի մեր քաղաքական դաշտում։

Եթե նկատել եք, վերջին ամիսներին շատ էր խոսվում տարբեր փոքր կուսակցությունների միավորման մասին, ընկալումն այսպիսին էր, որ կա մեկ մեծ միավոր՝ «Հայաստան» դաշինքն է։ Հարցումներով ակնհայտ է, որ ընտրողների մոտ 50%–ը կամ հիասթափված է, կամ նոր դեմքի կարիք ունի տեսնելու քաղաքական դաշտում, կամ այդ հին ու նորի թեմաների մեջ մի քիչ խճճվել են, և քաղաքական դաշտի բոլոր մասնակիցների կողմից թիրախավորվում էր այդ 50 տոկոսը։ Հիմա նաև որոշ անուններ էին շրջանառվում այդ փոքր միավորների, որոնք կարող են տեղավորվել հենց այդ բավական մեծ ընտրական զանգվածի մոտ։

Սամվել Կարապետյանը, մտնելով քաղաքականության մեջ, ըստ էության, այդ պահանջարկը փակում է զգալի մասով. նոր դեմք, կյանքում հաջողության ասած, մեծ ճանաչելիություն ունեցող, բարի համբավ, դրական ընկալում։ Սրանք բազային շատ լավ տվյալներ են այս նոր քաղաքական ուժ ձևավորելու համար։ Մնացածը արդեն կախված է նրանից, թե ինչպես կաշխատեն։

Ըստ էության, այսօր արդեն քաղաքական դաշտում կա երկու մեծ միավոր, մեկը «Հայաստան» դաշինքն է, մեկը Սամվել Կարապետյանի ստեղծվող քաղաքական ուժն է, որի ծավալները այսօր դժվար է կանխատեսել։ Պոտենցիալը մեծ է, կախված է, թե ինչ ձևով իրենք կոնկրետ աշխատանքները կկազմակերպեն: Սա ֆունդամենտալ փոփոխություն է քաղաքական դաշտում, որովհետև այն զանգվածը, որի վրա տարբեր փոքր քաղաքական ուժեր փորձում էին միավորվել և տեղավորվել, այդ քաղաքական միավորների համար դաշտը շեշտակի նեղացել»։

Հարցին՝ մի փոքր ուշ չէ՞ քաղաքական հայտ ներկայացնելու համար՝ հաշվի առնելով, որ ընտրություններին մեկ տարուց քիչ է մնացել, երկրորդ նախագահը պատասխանեց. «Նույնիսկ ես կասեի մի քիչ շուտ է։ Եթե այդ ցանկությունը կար, կարող էր մի վեց ամիս շուտ պրոցեսի մեջ մտնել։ Խոսքը հիմա նրա մասին է, որ նա անծանոթ մարդ չէ, ունի մեծ ճանաչելիություն և դրական ընկալում։ Եթե իրենք արագ կազմակերպչական հարցերը լուծեն և ձևավորեն այն կառույցները, որոնք պետք է հողի վրա աշխատանք տանեն ժողովրդի հետ, ուրեմն ուշ չէ»։