Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է իրեն զեկուցել հինգերորդ սերնդի ռազմավարական միջուկային սուզանավի ստեղծման ծրագրի ընթացքի մասին, հաղորդում է РИА Новости-ն։
Արխանգելսկի մարզ աշխատանքային այցի ընթացքում Պուտինը խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի ռազմածովային ուժերի սուզանավային ուժերի զարգացման վերաբերյալ։
«Անցյալ տարի (2024թ. — խմբ.) մենք հաստատեցինք նոր, հինգերորդ սերնդի ռազմավարական սուզանավի ստեղծման համապարփակ նպատակային ծրագիր։ Եվ այսօր ես կցանկանայի լսել, թե ինչպես են ընթանում այս ծրագրի իրականացման աշխատանքները»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
Նա միաժամանակ նշել է, որ ընթացքի մեջ է թիվ 677 նախագծի ոչ միջուկային սուզանավերի շինարարությունը։
«Խնդրում եմ այսօր զեկուցել՝ ինչպես է ընթանում այս նախագծի նավակների սերիական արտադրությունը»,- հավելել է Պուտինը։
Հինգերորդ սերնդի սուզանավի նախագիծն ստացել է «Հասկի» անվանումը։ Այս տեսակի սուզանավերը, ըստ նախագծի, պետք է համատեղեն ռազմավարական և բազմաֆունկցիոնալ սուզանավի հնարավորությունները և նախատեսված լինեն թշնամու նավերի ռազմավարական զսպման և ոչնչացման, ինչպես նաև ցամաքային թիրախներին ճշգրիտ զենքով հարվածներ հասցնելու համար։

