Կայացել է Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլը։

Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող ընթացիկ իրադարձությունների, այդ թվում՝ Սիրիայում իրավիճակի սրման շուրջ։

Խորը մտահոգություն հայտնելով այս երկրում բռնության վերջին բռնկման կապակցությամբ՝ առաջնորդներն ընդգծել են երկխոսության և ազգային համաձայնության ամրապնդման միջոցով իրավիճակի շուտափույթ կայունացման կարևորությունը՝ պահպանելով սիրիական բազմադավան հասարակության բոլոր ներկայացուցիչների օրինական իրավունքները։ Երկու կողմից էլ ընդգծվել է Սիրիայի ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունը։


Ուկրաինական խնդրի քննարկման ժամանակ Վլադիմիր Պուտինը հաստատել է հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորում գտնելու սկզբունքային տրամադրվածությունը և շնորհակալություն է հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ստամբուլյան հարթակում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների անցկացմանը հետագայում ևս աջակցելու պատրաստակամության համար։

Քննարկվել են նաև երկկողմ կապերի հետագա զարգացման մի շարք արդիական հարցեր։ Մասնավորապես, դրական է գնահատվել հունիսի 27-ին կայացած առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։

Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են կապի մեջ մնալ բարձրացված բոլոր հարցերի շուրջ։