ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած հարկերի և ծախսերի մասին խոշոր օրինագիծը, որը նա անվանել է «մեծ, գեղեցիկ օրինագիծ»։ Փաստաթուղթն այժմ ուղարկվել է պետության ղեկավարին՝ ստորագրման համար, հաղորդում է РИА Новости-ն։

Օրինագծին կողմ է քվեարկել 218 կոնգրեսական, դեմ՝ 214-ը, հաղորդել է C-SPAN հեռուստաալիքը:

Փաստաթուղթը նախատեսում է ԱՄՆ պարտքի առաստաղի բարձրացում 5 տրիլիոն դոլարով, որոշ սոցիալական ծրագրերի կրճատում և պաշտպանական բյուջեի ավելացում։ Թրամփի առաջին ժամկետից ի վեր գործող հարկային արտոնությունները ևս կմնան ուժի մեջ։

Օրինագիծն արդեն շաբաթվա սկզբին ընդունվել էր Սենատում, և Ներկայացուցիչների պալատում ներկա քվեարկությունը վերաբերում էր փոփոխություններով վերջնական տարբերակին։

Կոնգրեսի բյուջետային վարչության գնահատմամբ նախաձեռնությունները կարող են տասնամյակի ընթացքում 3,3 տրիլիոն դոլարով ավելացնել ազգային պարտքը և մոտ 12 միլիոն ամերիկացիների զրկել առողջության ապահովագրությունից։