ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս տրամադրված է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ զրույցի համար, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը, չնայած այն հանգամանքին, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը, կարծես, պակաս հետաքրքրված է իր միջուկային և բալիստիկ հրթիռային ծրագրերի շուրջ բանակցություններով, հաղորդում է NBC News-ը։
Սպիտակ տունը հայտարարության մեջ նշել է, որ Թրամփը բաց է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ երկխոսության համար։
«Թրամփը կցանկանար տեսնել այն առաջընթացը, որը ձեռք է բերվել Սինգապուրում անցկացված այդ գագաթնաժողովում», -նախօրեին լրագրողներին հայտնել է Լիվիթը՝ անդրադառնալով երկու առաջնորդների միջև 2018 թվականին անցկացված առաջին անձնական գագաթնաժողովին։
Այսպես է Սպիտակ տան մամուլի խոսնակը պատասխանել այն հարցին, թե ինչպես է Հյուսիսային Կորեան հրաժարվել ընդունել Թրամփի նամակը, որն ուղղված էր Վաշինգտոնի և Փհենյանի միջև հաղորդակցության ուղիների վերաբացմանը։
Ավելի վաղ Հյուսիսային և Հարավային Կորեաները, կարծես, անջատել էին իրենց ընդհանուր սահմանին գտնվող քարոզչական բարձրախոսները՝ փորձելով մեղմել լարվածությունը Կորեական թերակղզում։
Երկու երկրները տեխնիկապես շարունակում են մնալ պատերազմի մեջ 1950-1953 թվականների Կորեական պատերազմից հետո, որն ավարտվեց զինադադարով, այլ ոչ թե խաղաղության պայմանագրով։
Կիմը շարունակել է առաջ մղել իր զենքի ծրագրերը 2019 թվականին Թրամփի հետ իր վերջին հանդիպումից ի վեր և ավելի է ամրապնդել Ռուսաստանի հետ իր անվտանգային գործընկերությունը։

