Տարածաշրջանը ներառում է այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հունաստանը, Իրանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Հայաստանը, Ադրբեջանը, Եգիպտոսը, Պարսից ծոցի երկրները և Չինաստանը։ Սակայն Թուրքիան հմտորեն գտնում է իր տեղը այս բոլոր դերակատարների շարքում, հայտարարել է Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Ըստ Բարաքի՝ Մերձավոր Արևելքում պատմական հակամարտությունների ու անկայունության պատճառը Արևմուտքի՝ Արևելքին ապագայի իր տեսլականը պարտադրելու փորձն է։

«Սիրիայի նկատմամբ մեր ներկա քաղաքականությունը կտարբերվի վերջին հարյուր տարվա ընթացքից, քանի որ նախորդ ռազմավարություններից ոչ մեկը հաջող չի եղել։ Մենք շատ դժվար տարածաշրջանում ենք, բայց Թուրքիան աներևակայելի հաջողությամբ է հաղթահարում այն։ Ամերիկան ​​այլևս գլոբալիստ չի լինի, այլևս չի հետևի նեոպահպանողական գաղափարներին։ Մենք ցանկանում ենք խաղաղություն, բարգավաճում և փոխըմբռնում»,- նշել է դեսպանը։

Դեսպանը նշել է, որ Գազայում անիմաստ կոտորած է տեղի ունենում, և դա սարսափելի է բոլորի համար։

«Պաղեստինցիները նույնը չեն, ինչ ՀԱՄԱՍ-ը։ Տարածաշրջանի բոլոր երկրները, որոնց թվում՝ Իսրայելը, պետք է համաձայնության գան նոր տեսակի հարաբերությունների շուրջ»,- հավելել է Բարաքը։