Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն STVR հեռուստաալիքի եթերում խոսել է Մոսկվա կատարած իր այցի մասին, որտեղ, ինչպես նա ասել է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է հրադադարի ռեժիմը և այն, թե ինչպես կարող են այլ երկրներ նպաստել խաղաղությանը։
Նա կարծում է, որ Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև բանակցությունները այս խնդրի լուծման բանալին են։ Նրա խոսքով՝ Պուտինը վայելում է Ռուսաստանի բնակչության անվերապահ աջակցությունը։
«Պատժամիջոցները նման են ժանտախտի, և ես մերժում եմ պատժամիջոցների քաղաքականությունը», — ասել է նա՝ հավելելով, որ պատժամիջոցները իրականում վնասել են Եվրոպային։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը արագ հարմարվեց սահմանված պատժամիջոցներին։
Միաժամանակ, նա մերժել է առաջարկները՝ ներդնելու նոր լայնածավալ պատժամիջոցների փաթեթ այն ժամանակ, երբ ընթանում են խաղաղության բանակցությունները։
Ֆիցոն ասել է, որ իրեն հանրաքվե պետք չէ պատժամիջոցները մերժելու համար, բայց ինքը կաջակցի դրան, եթե այն անցկացվի։ Եթե պատժամիջոցները վնասեն Սլովակիային, նա վետո կդնի դրանց վրա։

