ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ պատկերացում չունի, թե որտեղից է հայտնվել արհեստական բանականության ստեղծած լուսանկարը, որտեղ ինքը պատկերաված է Հռոմի պապի կերպարով, չնայած լուսանկարը հրապարակվել է հենց իր Truth Social-ի հաշվում։
«Մեկը լուսանկարել է ինձ Հռոմի պապի հագուստով և առցանց տեղադրել։ Ե՛ս չեմ արել։ Պատկերացում չունեմ, թե որտեղից է հայտնվել։ Գուցե արհեստական բանականություն է, բայց ես ոչինչ չգիտեմ դրա մասին։ Երեկ երեկոյան տեսա դա։ Իրականում, կինս հաճելի համարեց։ Նա ասաց՝ հաճելի է, չէ՞»,- նշել է ԱՄՆ նախագահը, հաղորդում է CNN-ը։
Թրամփը, որն օրեր առաջ կատակել էր, թե կցանկանար Հռոմի պապ լինել, ուրբաթ երեկոյան իր Truth Social հարթակում հրապարակել էր իր թվային փոփոխությամբ լուսանկարը՝ սպիտակ թիկնոցով և պապական գլխարկով, որտեղ ցուցամատը բարձրացված է։ Այնուհետև Սպիտակ տունը դա հրապարակել է իր պաշտոնական X էջում։
Հարցին, թե ինչու է հաղորդագրությունը տեղադրվել Սպիտակ տան պաշտոնական էջում, երբ արհեստականորեն է ստեղծվել, նախագահը պատասխանել է. «Դե լա՜վ, ինչ-որ մեկն է արել զվարճանքի համար»,- հավելել է նա։

