Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոն, որը շարունակում է ապաքինվել աղիքային վիրահատությունից հետո, դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից, հաղորդում է Associated Press-ը։
Բրազիլիայի DF Star հիվանդանոցի բժշկական բրիգադը հայտնել է, որ նա վերակենդանացման բաժանմունքից դուրս է գրվել չորեքշաբթի, և նրա հիվանդանոցից դուրս գրվելու ամսաթիվը դեռևս նշանակված չէ։ Նրա առողջական վիճակը կայուն է, և նա սկսել է հեղուկ սնունդ ստանալ։
Ապրիլի 13-ին Բոլսոնարոն ենթարկվել էր 12-ժամյա վիրահատության՝ աղիքային կպչունությունը հեռացնելու և որովայնի պատը վերականգնելու համար։ Դա վեցերորդ վիրահատությունն էր, որը կապված էր 2018 թվականի սեպտեմբերին նախընտրական հանրահավաքի ժամանակ որովայնի շրջանում ստացած դանակահարության երկարատև հետևանքների հետ։
Նա հարձակումից հետո մի քանի անգամ հոսպիտալացվել է և իր նախագահության ընթացքում՝ 2019- 2022 թվականներին բազմաթիվ վիրահատությունների է ենթարկվել։ Բժիշկները վերջին վիրահատությունն անվանել են ամենադժվարը դանակահարությունից հետո, որը պահանջել է «շատ նուրբ և երկար հետվիրահատական շրջան»։ Ապրիլի 11-ին Բոլսոնարոն որովայնի ուժեղ ցավերով հոսպիտալացվել էր Ռիու Գրանդի դու Նորտե նահանգի փոքրիկ քաղաքում գտնվող Սանտա Կրուսում, ապա տեղափոխվել նահանգի մայրաքաղաք Նատալի հիվանդանոց։ Ավելի ուշ նրա ընտանիքը խնդրել է նրան տեղափոխել երկրի մայրաքաղաք Բրազիլիա։
Նա պատրաստվում էր շրջագայել Բրազիլիայի հյուսիս-արևելք՝ իր լիբերալ կուսակցության ծայրահեղ աջ օրակարգը առաջ մղելու համար՝ նախապատրաստվելով հաջորդ տարվա նախագահական ընտրություններին, չնայած նա իրավունք չունի առաջադրվելու։ Այդ շրջանը ավանդաբար եղել է նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի քաղաքական հենարանը։
Սպասվում է, որ Բոլսոնարոն առաջիկա ամիսներին կկանգնի Բրազիլիայի Գերագույն դատարանի առաջ՝ 2023 թվականի հունվարին պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով, երբ նրա կողմնակիցները անկարգություններ էին հրահրել Բրազիլիայում։

