«Արևմուտքն այնպիսին, ինչպիսին մենք գիտեինք, այլևս գոյություն չունի»,- հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների արագ վատթարացման համատեքստում: Դրա մասին հայտնել է Euronews-ը։
Եվրոպան ստիպված է այլ դաշնակիցներ և գործընկերներ փնտրել։ Թրամփի ներդրած հսկայական մաքսատուրքերից հետո, որոնք Բրյուսելը «չհիմնավորված և վնասակար» է կոչել, Եվրահանձնաժողովի նախագահը հեռախոսով խոսել է Նորվեգիայի, Իսլանդիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի և ԱՄԷ ներկայացուցիչների հետ:
Ֆոն դեր Լայենը զրուցել է նաև Չինաստանի վարչապետ Լի Ցիանի հետ, խթանելով տարիների լարվածությունից հետո ԵՄ-Չինաստան հարաբերությունների ջերմացման մասին խոսակցությունները:
«Աշխարհը դարձել է գլոբուս, նաև աշխարհաքաղաքական առումով, այսօր մեր բարեկամության ցանցերն ընդգրկում են ամբողջ երկրագունդը, ինչը կարող եք տեսնել սակագների վերաբերյալ բանավեճերում»,- ասել է ֆոն դեր Լայենը գերմանական Zeit թերթին տված հարցազրույցում։
«Այժմ ես կարող եմ օրական 24 ժամ վարել այս խոսակցությունները: Բոլորը խնդրում են ավելի շատ առևտուր Եվրոպայի հետ, և դա միայն տնտեսական կապերի մասին չէ, այլ նաև՝ ընդհանուր կանոնների և կանխատեսելիության հաստատման մասին է: Եվրոպան հայտնի է իր կանխատեսելիությամբ և հուսալիությամբ, որոնք կրկին սկսում են ընկալվել որպես շատ արժեքավոր բան»,- շեշտել է նա:
Իրեն անվանելով Ամերիկայի մեծ բարեկամ և երդվյալ ՆԱՏՕ-ական՝ ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ Ատլանտյան օվկիանոսի երկու կողմի երկրների միջև երկարատև կապերն անձեռնմխելի են, չնայած Դոնալդ Թրամփի հարուցած սեյսմիկ փոփոխություններին, ներառյալ նրա կործանարար առևտրային քաղաքականությունը, բազմակողմ համակարգի հանդեպ արհամարհանքը, բռնակցման սպառնալիքները և կտրուկ շրջադարձը դեպի Ռուսաստան, ինչը վանել է Վաշինգտոնի ավանդական դաշնակիցներին:

