ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, որն այցելել է Օդեսա, հայտարարել է, որ դաշինքի բոլոր անդամներն աջակցում են Դոնալդ Թրամփին Ուկրաինայում խաղաղության հասնելու նրա ձգտումներում, թեև դա հեշտ չէ՝ հաշվի առնելով «Ռուսաստանի գործողությունները»:
«Այս բանակցությունները հեշտ չեն, հատկապես նման սարսափելի բռնության գործողություններից հետո: Բայց մենք բոլորս աջակցում ենք նախագահ Թրամփին խաղաղության հասնելու նրա ձգտումներում», -ըստ BBC-ի՝ գրել է Ռյուտեն:
Սպիտակ տունը Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Վլադիմիր Պուտինի նոր հանդիպումից հետո կրկին հայտարարեց, որ Թրամփի և Ուիթքոֆի կարծիքով Պուտինը խաղաղություն է ցանկանում, և, օրինակ, Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը կարող է նրան մղել դրան։
Մարկ Ռյուտեն նաև վստահեցրել է, հակառակ Թրամփի հայտարարություններին, որ Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Միաժամանակ Ռյուտեն հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ում ոչ ոք Կիևին չի խոստացել, որ դաշինքին անդամակցությունը կներառվի խաղաղության համաձայնագրում։

