2020 թվականի նոյեմբերի 10-ի դեպքերից տարիներ անց, Նորայր Խաչատրյանի մահվան շուրջ շարունակում են մնալ բազմաթիվ չպարզաբանված հարցեր։ Վերջերս կայացած հեռախոսազրույցը նրա նախկին օգնականի ու վարորդի՝ Գևորգ Մեհրաբյանի հետ, նոր անդրադարձ է տվել այդ ողբերգական դեպքին։
Մեհրաբյանը, ով ներկայումս գտնվում է արտերկրում, հաստատել է, որ դեպքը պատահական չէր․
«Ես չեմ կարող շատ բաներ ասել, բայց մի բան հստակ է՝ դա պատահականություն չէր։ Եվ դա նաև առաջին դեպքը չէր։ Պարզապես այս մեկը չհասցրին ամբողջությամբ քողարկել։»
Նա հրաժարվել է բացել փակագծերը՝ նշելով, որ իր ներկայիս կարգավիճակը թույլ չի տալիս մանրամասներ հրապարակել․
«Ես լքել եմ Հայաստանը և նպատակ չունեմ վերադառնալու։ Ինձ համար արդեն պարզ է՝ դա անվտանգ չէ։ Ես չեմ ուզում հայտնվել նրանց շարքում, ովքեր մի օր պարզապես անհետացան կամ դարձան դատաբժշկական վիճակագրություն ։»
Նրա խոսքերով՝ դեռ շատ բաներ կան, որոնք ինքը գիտի՝ որպես մարդ, ով տարիներ շարունակ եղել է Նորայր Խաչատրյանի ամենամոտ մարդկանցից․
«Շատ բաներ կան, ուղղակի չեմ կարող ասել։ Բայց մի օր, համոզված եմ, ամեն ինչ կբացահայտվի։ Արդարությունը չի մոռացվում։ Ես հավատում եմ՝ մի օր մեր ազգը կտեսնի, թե ինչն էր ճիշտ, ինչն էր սխալ։ Որովհետև իմ ազգը մեղք է, իսկ մեղավորները վերևից չեն մոռացվում։»
Հիշեցնենք, որ Նորայր Խաչատրյանը մահացել է 2020թ․ նոյեմբերի 11-ին՝ ձերբակալվելուց ընդամենը մեկ օր անց։ Նրա մահը մինչև այժմ պաշտոնապես համարվում է «բնական հանգամանքների» հետևանք, սակայն ընտանիքի անդամներն ու նախկին գործընկերները բազմիցս բարձրաձայնել են նրա նկատմամբ գործադրված ճնշումների, սպառնալիքների և բիզնեսի յուրացման փորձերի մասին։
Այս հեռախոսազրույցը, թեև իրավաբանորեն կարող է չդառնալ ուղիղ ապացույց, սակայն հավելում է մեկ նոր շերտ այս տարիներով ծածկված պատմության շուրջ՝ հաստատելով, որ մարդիկ կան, ովքեր դեռ շատ բան գիտեն, բայց դեռ լռում են։