44-օրյա պատերազմից ավելի քան երկուսուկես տարի անց զոհված ու անհետ կորած զինծառայողների բազմաթիվ ծնողներ դեռ իրենց որդիներից ինչ-որ լուրի են սպասում։ Չնայած պաշտոնապես չի հաստատվել, սակայն, որոշ հարազատներ հավատում են՝ իրենց տղաները ողջ են ու գերեվարված։ Ծնողները պնդում են, որ նույնիսկ ապացույցներ ունեն։
Այսօր հարյուրավոր ծնողներ կրկին հավաքվել էին ՊՆ դիմաց և նախարարի պատասխան էն պահանջում։ Նրանց նպատակն է հասկանալ , թե ինչն է պետական այս անտարբերության հիմքը, ինչով են արժանացել նման արհամարհանքի, այն դեպքում , երբ իրենց զավակների կյանքը հարցականի տակ է դրվել հանուն ՀՀ։

«Մենք ամեն ձևով ապացույցներ ներկայացրել ենք իրանց, որ կան փաստեր, բայց ոնց ասում են՝ մինչև հիմա անտեսվում ա այդ ամեն ինչը: Մենք էդ էլ ենք հասկանում, որ եթե մի ծնողի հանկարծ իրանք աջակցեցին, իրանք պիտի պատրաստ լինեն բոլոր ծնողներին պատասխան տան», — ասաց անհետ կորած զինծառայող Զավեն Հակոբյանի մայրը՝ Գայանե Խաչատրյանը:

Անգամ որդիներից մասունքներ ու ԴՆԹ նույնականացում ստացած որոշ հարազատներ են թերահավատ արդյունքների հետ կապված։

«Մենք մեր ինֆորմացիաներով հասկանում ենք, որ երեխաները ողջ են, էն, ինչը որ ներկայացնում են, էդ ԴՆԹ-ները, որ տալիս են, դա էլ ա սուտ, մարդիկ կան փաստացի ապացուցում են, որ սուտ ա, մենք որոնում ենք բոլորին, մեր համար բոլորը ողջ են, որովհետև ապացույցներ կան: Իսկ ի՞նչ ա արվում, էդ երևի բոլորն են տեղյակ, որ ոչ մի բան չի արվում», — նշեց անհետ կորած զինծառայողի հորեղբայր Էդիկ Արևշատյանը:

Իրավաբան Գոհար Մկրտչյանը, որ ներկայում զբաղվում է անհետ կորածների ծնողների իրավունքների պաշտպանությամբ, մեր հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ անհետ կորածներից շատերի ողջ լինելը չի հաստատվում պաշտոնապես, քանի որ պետությունը բավարար աշխատանք չի կատարում այդ ուղղությամբ, որևէ հետաքրքրություն չի դրսևորում այս խնդրի ուղղությամբ։ Կառավարություն պարզապես փակված է համարում այդ հարցը և անտեսում է այս մարդկանց իրավունքները, ցավը, վիշտը ու բացահայտ արհամարհում է։ Գոհար Մկրտչյանը վստահ է, որ գերիների թիվը պաշտոնականից ավելի մեծ է, բայց ցավալին այն է, որ դա ոչ միայն չի հաստատում ադրբեջանական կողմը, այլև մեր պետությունը։
Մենք ՊՆ-ին ենք տվել մեր որդիներին, թող նախարարն էլ մեզ պատասխան տա: Երեք օր է ուզում ենք նախարարին տեսնել, բայց չի ընդունում: Եթե այսօր էլ չընդունեց, բոլորով գնալու ենք Էջմիածին իր տուն ու տանն իրեն սպասենք:

Ծնողները դեմ են նրան, որ իրենց առաջ ոստիկանական պատ են կանգնեցնում, նշում են, որ իրենք հանցագործներ չեն, որից պիտի կառավարությյան անդամներին պաշտպանեն, իրենց միակ պահանջը որդիների մասին լուր, նոր տեղեկություն իմանալն է:

Բողոքի ակցիայի ժամանակ անհետ կորածների հարազատների շահերի պաշտպան Գոհար Մկրտչյանը շեշտեց, որ նա անձամբ դիմել է կարմիր Խաչ , որտեղ կրկին հաստատվել է մի շարք զինծառայողների ողջ և գերության մեջ գտնվելու փաստը, ուստի ծնողների հետ հետևողական են լինելու, որպեսզի հասնեն արդարության։